Ճուտը չի զղջացել, ուր է գնալու և ինչով է զբաղվեկու ազատվելուց հետո հայտնի չէ անգամ գաղութի հոգեբանին: Նրանց մասին վերապահումով կարելի է ասել` մեր ապագան են կամ կյանքի ծաղիկները: Նույն ճակատագիրն էր սպառնում նաև ժողովրդական արտիստին: Ամենաանկեղծ խոստովանությունը: Գող բառը չի կարելի օգտագործել, բայց նրանք ապրում են այնպես, ինչպես ավագ կոլեգաները: Արտակ Ալեքսանյան - Մի քանի օր առաջ Գյումրիում երկու անչափահասներ կոտրել են ավտոնորոգման արհեստանոցի ապակին, թալանել չհրկիզվող պահարանը: Ըստ Ոստիկանության տվյալների, երկրում կատարվող հանցագործությունների երեք տոկոսից ավելին կատարում են հենց անչափահասները` հիմնական հանցագործությունները` կոպողուտ և թալան: Այսօր, անչափահասների քրեակատարողական հիմնարկներում բնակվում է 34 անչափահաս, որից մեկը` աղջիկ: Ազատազրկված անչափահասների մեծամասնությունը 17 տարեկան է: Ինչու են երեխաները դիմում հանցագործության` դա այդքան բարդ չէ պարզելու համար, որովհետև պատճառները հայտնի են, սոցիալական են: Ավելի կարևոր է, թե ինչ է լինում նրանց հետ, երբ նրանք կրում են իրենց պատիժը: Գողական բարքերը, բացառիկ հավատարմությամբ, փոխանցվում են սերնդե սերունդ, արդյունքում` խորհրդային կայսրության ժամանակ սկիզբ առած գողականությունը ոչ միայն չի վերանում, այլև նոր սերունդներ է խժռում` կործանելով ճակատագրեր և կենսունակ պահելով կեղծ ու կաշառված այդ համակարգը: Նոր մեդիամիջավայրն էլ, ի դեմս սերիալների ու ռեփ մշակույթի, պոպուլյարիզացնում է այն, ինչ իրականում ոչ թե սրտախառնոց է առաջացնում, այլ խորը հակակրանք ու տագնապ: Ու կործանման ոչ սկիզբն է երևում, ոչ վերջը: Արտյոմ Լևոնյան- Փակ թեմաներ չկան, առավել ևս երբ անչափահասն է կանգնած դատարանի առաջ, հատկապես երբ պիտի վճռվի նրան հասարակությունից մեկուսացնելու հարցը: Օրենքը մեղմացուցիչ հանգամանքների մի ողջ փունջ ունի անչափահասների համար: Եռագույն դարպասը տանում է դեպի Աբովյան քրեակատարողական հիմնարկ: Ճանապարհ, որտեղով ամեն տարի անցնում է 100 անչափահաս: Զոնան չտեսած մարդու համար գաղութի մասին պատկերացումները հիմնականում ձևավորվում են ֆիլմերով: Այսօր 5 ամենահայտնի սերիալներից 4-ը քրեական հեղինակությունների մասին են` համեմված դաժանության ու վրիժառության տեսարաններով:
 - Եթե մարդու հոգեկանը չափազանց պրիմիտիվ է, եթե նույնացումը հերոսի հետ շատ ուժեղ է կատարվում, իհարկե, մարդը կփորձի վերարտադրել այդ հերոսի վարքագիծը,- բացատրում է մշակութաբան Վարդան Ջալոյանը:
 - Սերիալները շատ բանով փչացնում են էս երիտասարդներին` նրանց տալով ինչ-որ ռոմանտիկայի հովեր,- կարծում է գրող Սերգեյ Գալոյանը:
Գողական աշխարհի գիտակ Գալոյանի պնդմամբ, սերիալային քրոնիկոնը շատ հեռու է քրեական իրական կյանքից: Կողոպուտ, ավազակային հարձակում, անգամ մարդասպանություն` մեկ հարկի տակ ու մեկ ամփոփաթերթիկով: 2007-ի տվյալով` անչափահասները 546 հանցագործություն են կատարել: Ասում են` դրանք նվազում են: 2008-ի հաշվարկը դեռ չեն ավարտել, թեև այդ ցուցակում արդեն կա Աբրահամը: Նա արդեն երկրորդ անգամ է այստեղ: - Առաջին սրոկը գողություն եմ արել: Էկա ստեղ, 5 ամիս նստեցի, դուրս եկա: Ապրիլի 21-ին բռնվեցի և երկրորդ սրոկ էլի էկա` էլի գողություն,- պատմում է Աբրահամը: Գողության համար, որ թալան է դարձել, դատապարտված է նաև Մայիսը: Միայնակ 12 խանութի թալան է իրականացրել: Ասում է` իրեն մատնել են, բայց վրեժ չի լուծելու: Անձնատուր չի եղել, պատճառների մասին` ոչ մի խոսք:
- Պետք ա էղել, գողություն ենք արել,- արարքը չի մեկնաբանում Մայիսը: - Անձնական պետք էր, ծախսելու համար,- ասում է Աբրահամը: 30 բնակիչներն ապրում են 50 քմ-ի վրա: Սեփական անկյուն չտրամադրելու փաստն այստեղ համարում են բարի կամքի դրսևորում, ասում են` դրանով փորձ է արվում զերծ պահել երեխաներին ինքնամեկուսացումից: Յուրան զոնայի ամենաերկարակյաց ու ամենաբարձրահասակ բնակիչն է: Նա միակն է սպանության հոդվածով: Յուրայի գլխավոր զբաղմունքը ընթերցանությունն է: Նրա հետ զրուցելը, ասում են, անիմաստ է, չի խոսում, չի ցանկանում պատասխանել հարցերին, լռությունը չի խախտում արդեն 6-րդ տարին:
- Ես կախարդական փայտիկ չունեմ, որ նրանց ինչ-որ բան դարձնեմ,- ասում է Աբովյան քերակատարողական հիմնարկի հոգեբան Լուսյա Գավուկչյանը: - Առաջին բանը, որ ինձ ցնցեց քրեկատարողականում, հոգեբականան ծառայության աշխատակիցների համազգեստով լինելն էր,- զարմացած է սոցիալական աշխատող Լորին Գոթֆրուան: Երկարաժամկետ տեսակցությունը թույլատրված է ամիսը մեկ անգամ: Ազատազրկված չափահասի և անչափահասի իրավունքները հավասարեցված են: Աբովյան քրեկատարողականն ունի երկար տեսակցությունների համար նախատեսված սենյակներ: Առավելագույնին` եռօրյա տեսակցությանը, արժանանում են լավ վարքի համար: Կա վստահության հեռախոս: Անչափահասները ընկալել են ուղիղ իմաստով. զանգահարում են իրենց համար վստահելի մարդկանց:
Կրթվել, թե ոչ, որոշումը վերապահված է բանտարկյալին, եթե չհաշվենք տարիքային և կրթական ցենզը: Սիրո ու խնամքի կարոտ այս անչափահասների համար կրթությունը վերջին հոգսերից է: Այլընտրանքային կրթություն զոնայում նույնպես նախատեսված է` արհեստագործություն, կավագործություն և նույնիսկ փայտամշակում: Միայն գեղեցիկը կարող է փրկել նրանց, հավատացնում են ծրագրի հեղինակները:
- Չկա Քրեական օրենսգրքի մեջ սահմանված այնպիսի պատիժ, որը մարդուն դեպի լավը կփոխի այնպես, ինչպես գեղեցիկը կանի ,- ասում է ՏՐՏՈՒ հ/կ նախագահ Թեմիկ Խալափյանը: Աբրահամի և մյուս բնակիչների համար զբաղմունքը նկարչությունն է սեփական մարմնի վրա: Ոչ թե տատու, այլ նակոլկա… Դաջվածքը զոնայի անբաժանելի մշակույթից է: Անչափահասների ձեռքերի վրա ազատ տարածք չկա: Գուցե գիտեն, պատկերները իրենց կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում, ու այդքան էլ կպահանջվի դրանց իմաստն ու գոյությունը բացատրելու համար:
Աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանին մեկ հատիկ դուդուկը փրկեց քրեական աշխարհից: Նրա մանկությունը պակաս ծանր չի եղել, իսկ պատանեկությունը անցել է այնտեղ, որտեղից դժվար չէ հայտնվել ազատազրկման գոտում:
- Ես որ փոքր էի, հանցագործ աշխարհի մեջ էի ընկել: Բայց նվագում էի,- հիշում է Ջիվան Գասպարյանը:
Ջիվան Գասպարյանը լավ գիտի աղքատության և առանց խնամքի պատանեկության գինը, այդ պատճառով որոշել է խնամքի կարոտ երեխաներին սովորեցնել դուդուկի գաղտնիքները: 2007-ին հանձնաժողովը ներում է շնորհել 15 անչափահասի: 97-ին այդ թիվը 87 էր: Սա նշանակում է, որ 10 տարի անց հանձնաժողովը նոր սերնդի հանցագործների` ուղղվելու կամ հանցանքը չկրկնելու հնարավորությունը ցածր է գնաատում: Բայց բոլորը չեն, որ հանցագործ են, երբեմն հանգամանքների զոհ:
Գողական աշխարհն իր մասին հայտնել է դեռ 100 տարի առաջ: Այսպես կոչված` օրենքով գողերը գաղութատիրական կարգերի յուրօրինակ բարեփոխիչներն էին, ովքեր իրենց բարոյական կոդեքսով սահմանում էին գաղութում ապրելու կարգն ու ռեժիմը: Այն այսօր էլ գրեթե անփոփոխ է: - Էդպես է եղել հայերից Ռաֆիկ Բաղդասարյանը` Սվո Ռաֆը, էդպես է եղել, օրինակ, էջմիածնեցի Հարութիկը,- ասում է Սերգեյ Գալոյանը: Սերգեյ Գալոյանը 28 գրքի հեղինակ է, 21-ը գրել է աշխարհը ցնցած օրենքով գողերի մասին` Սվո Ռաֆ, Յապոնչիկ, հիմա էլ Դքի Նորոյի կենսագրությունն է վավերագրում: Սվո Ռաֆին օրենքով գող մկրտել են 18 տարեկանում: Նա հեղինակն է աշխարհի 10 ունիկալ ու դեռ չբացահայտված հանցագործություններից մեկի:
|