15:08 Ադրբեջանի հավաքականը լուրջ մրցակից չէ Հայաստանի համար | |
Դեկտեմբեր 17, 2011 | 19:15 Հայաստանի արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը մամուլի ասուլիսում ամփոփել է մրցաշրջան-2011-ի արդյունքները` նշելով, որ մեր թիմերը եւ մարզիկները գերազանց են հանդես եկել այս տարի: «2011 թվականին մենք մասնակցել ենք 26 միջազգային մրցաշարերի, եւ բոլոր մրցումներում էլ մեդալներ ենք նվաճել: Մասնավորապես, վերջերս Թբիլիսիում կայացած առանց կանոնների մարտերի Անդրկովկասի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաղթող ճանաչվեց թիմային հաշվարկում, իսկ մեր բոլոր հինգ մարզիկներն էլ հաղթեցին մրցակիցներին եւ արժանացան ոսկե մեդալների: Ամենակարեւորն այն է, որ մերոնք բոլոր այդ մարտերում մաքուր հաղթանակներ տարան` մրցակիցներին ստիպելով հանձնվել արդեն առաջին 1-2 րոպեներին»,- հայտարարեց Հայկ Ղուկասյանը: Անդրադառնալով ադրբեջանցիների հետ ունեցած մարտերին` Հայկ Ղուկասյանը ասաց, որ մեր հարեւան երկրի մարզիկները դեռեւս լուրջ մրցակիցներ չեն մերոնց համար: «Առանց կանոնների մարտերում այսօր առաջատար են ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Հայաստանը հենց այդ երկրների հետ է պայքարում մեդալների համար, իսկ ահա Ադրբեջանի հավաքականն իր մակարդակով գտնվում է երկրորդ տասնյակում, ուստի լուրջ մրցակից չի կարող լինել առաջատար երկրների, այդ թվում Հայաստանի համար»: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Հայաստանի արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ մեր մարզիկները մեկնելու են Մախաչկալա, որտեղ դեկտեմբերի 20-ին տեղի է ունենալու աշխարհի առաջնության վերջին փուլը: «Այդ մրցումներին մասնակցելու հայտ են ներկայացրել 15 երկրներ: Հայաստանից հանդես կգան Հրանտ Ասատրյանը եւ Էդիկ Աբելյանը: Առաջինը ելույթ կունենա մինչեւ 18 տարեկանների, իսկ Էդիկը` մեծահասակների մրցումներում: 2012 թվականին նախատեսում ենք բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում ապրիլին Հայաստանում առաջին անգամ անցկացնելու ենք «Ով է ամենաուժեղ հայը» անվանումը կրող մրցաշար, որի ժամանակ չի լինի տարիքային եւ քաշային սահմանափակում» - նշեց Հայկ Ղուկասյանը: | |
|
Всего комментариев: 0 | |