21:23 Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա հունվարի 14-ին | |
Նոյեմբեր 15, 2011 | 13:24 Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայում: 2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո բռնցքամարտիկը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Ներկայում Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է եւ սահմանափակումներ սննդակարգում, եւ մարզումների ավելացում: Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչեւ 75կգ քաշային կարգում: Արթուր Աբրահամը համոզված է, որ 2012 թվականին կկարողանա վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց եթե աշխատասեր ես, գնում ես նպատակներիդ ետեւից եւ անհաջողությունից չես ընկճվում, ապա հաղթանակն անխուսափելի է: Ես նորից կվայելեմ հաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ»,- հայտարարել է բռնցքամարտիկը: Արթուր Աբրահամը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի նրանից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ: Գերմանիայում մարզումներին զուգահեռ հայ բռնցքամարտիկը զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ. մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական ակցիաներ է իրականացնում: Այս ամռանը Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ «Ադիդաս» ֆիրմայի նվերներ է հանձնել Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, դպրոցի սաներին եւ մարզիչներին, Հայաստանի բռնցքամարտի հավաքականին: Կարիերայի ավարտից հետո Արթուր Աբրահամը մտադիր է բռնցքամարտի դպրոց բացել Հայաստանում, որտեղ սաներին կսովորեցնեն նաեւ օտար լեզուներ: 31-ամյա Արթուր Աբրահամն (Ավետիք Աբրահամյան) իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում նվաճելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): Այս տարի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): | |
|
Всего комментариев: 0 | |