18:57 Եվրո-2012. եզրափակիչում՝ Իսպանիա – Իտալիա | |
Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի եւ Իտալիայի ազգային հավաքականները: Վարշավայի Ազգային ստադիոնում կայացած կիսաեզրափակիչում իտալացիները 2:1 հաշվով առավելության հասան մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկի՝ Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Թիմերը շատ հանգիստ սկսեցին հանդիպումը: Խաղի մեկնարկում ավելի վտանգավոր էին գրոհում գերմանացիները եւ առաջին գոլային պահը ստեղծվեց Իտալիայի հավաքականի դարպասի մոտ: Անկյունայինի խաղարկման արդյունքում Մատս Հումելսը հարվածեց Իտալիայի թիմի դարպասի ուղղությամբ, իսկ Բուֆոնն ու Պիրլոն միահամուռ ուժերով չեզոքացրին սպառնալիքը: Գերմանացինեը եւս մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեցին, սակայն խաղի հաշիվը բացեցին իտալացիները: 20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի գեղեցիկ անցումից եւ գերազանց փոխանցումից հետո «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին գլխի հարվածով գրավեց Գերմանիայի հավաքականի դարպասն՝ առաջ մղելով իտալացիներին: Այս գոլից հետո թիմերը մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին միմյանց դարպասների ուղղությամբ, ինչից հետո Բալոտոլին խփեցի իտալացիների երկրորդ գնդակը: 36-րդ րոպեին հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ դառնալով դուբլի հեղինակ՝ կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Առաջին խաղակեսում գերմանացիները փորձում էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն հիանալի էր գործում Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսում իտալացիները գերազանց էին պաշտպանվում եւ ոչ մի շանս չտվեցին մրցակցին: Ընդ որում՝ խաղի երրորդ գնդակը խփելուն ավելի մոտ էին Չեզարե Պրանդելիի սաները, որոնք մի քանի 100 տոկոսանոց գոլային պահեր կորցրեցին: Իտալացիները մեկը մյուսի հետեւից վրիպում էին հարմար դիրքերից, ինչի հետեւանքով կարող էին պատժվել: Ավելացված ժամանակում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպումը փրկելու համար գերմանացիները չունեին ո՛չ ուժ, ո՛չ ժամանակ: Արդյունքում, Իտալիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ: Եվրո-2012-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: Եվրո-2012, կիսաեզրափակիչ Գերմանիա – Իտալիա՝ 1:2 Մեսութ Օզիլ, 90+2 (11մ.) – Մարիո Բալոտելի, 20, 36 Եվրո-2012. Գերմանիա - Իտալիա` 1:2 | |
|
Всего комментариев: 0 | |