14:08 Ֆրանսիայի խորհրդարանում սկսվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը | |
Դեկտեմբեր 22, 2011 | 13:01
Ֆրանսիայի խորհրդարանում, այսօր` դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 09:30-ին, (Երեւանի ժամանակով 12:30-ին) սկսվել է ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը, Փարիզից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Արդեն ելույթ է ունեցել օրինագծի հեղինակ, Հանուն ժողովրդական շարժման միության պատգամավոր Վալերի Բուայեն: Իր ելույթում, ի պատասխան թուրքական սպառնալիքների, նա նշել է, որ Ֆրանսիան երբեք չի ընդունում օրենքներ ինչ-որ մեկի պարտադրմամբ: Նա Թուրքիայի գործողություններն անվանել է միջամտություն ինքնիշխան երկրի ներքին գործերին եւ ընդգծել, որ այս օրինագիծը հիշողության օրենք չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել ոմանք, այլ օրենք է, որը քրեական պատիժ է սահմանում Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները ժխտելու համար: Պատգամավորի խոսքով, այս օրինագիծը ներկայացվել է, որպեսզի ֆրանսիական օրենսդրությունը համապատասխանեցվի եվրոպական օրենսդրությանը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հասցեին հնչող Թուրքիայի սպառնալիքներին, Բուայեն թվարկել է այն երկրներին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ երկրներին, որոնք քրեական պատիժ են սահմանել այն ժխտելու համար: Վերջիններիս թվում են Շվեյցարիան եւ Սլովակիան: Բուայեն հավելել է, որ այդ երկրներից ոչ մեկի դեմ Թուրքիան սպառնալիքներով հանդես չի եկել, ինչպես դա անում է Ֆրանսիայի հանդեպ: Պատգամավորն ընդգծել է, որ սպառնալիքների քաղաքականությունն իրեն վաղուց սպառել է: Հիշեցնենք, որ այս օրինագիծը Թուրքիայի կողմից բուռն հակազդեցություն է առաջացրել: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ այլ պաշտոնյաներ սպառնացել են, որ այդ օրինագիծն ընդունվելու դեպքում, լրջորեն կվնասվեն թուրք-ֆրանսիական հարաբերությունները: «Եթե փաստաթուղթն ընդունվի, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին նկատելի վնաս կհասցվի»,- զգուշացրել է Թուրքիայի առեւտրային պալատների եւ բորսաների ղեկավար Ռիֆաթ Հիսարջիկլօղլուն: Այս առնչությամբ, «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի վրա իր սկզբունքայնությունն իսկապես կարող է շատ թանկ նստել: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 11,5 մլրդ եվրո: Փորձագետները ֆրանսիական ներդրումները թուրքական տնտեսությունում գնահատում են 6,5 մլրդ եվրո: «Հարաբերությունների վատթարացումը կանդրադառնա նաեւ Թուրքիայի վրա: Հավանաբար, հենց այդ նպատակով է թուրք գործարարների դեսանտ մեկնել Փարիզ, ովքեր ֆրանսիացի գործընկերներին մտադիր են բացատրել օրինագծի ընդունման հետեւանքները»,-եզրակացրել էր պարբերականը: | |
|
Всего комментариев: 0 | |