14:24 Հարություն Մերդինյան. Երկար տարիների աշխատանքս զուր չանցավ | |
Դեկտեմբեր 21, 2011 | 16:44
27-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն այս տարի հասավ աննախադեպ հաջողության: Բեռլինում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգաթափի մրցումներում Հարություն Մերդինյանը գրավեց երրորդ տեղը: Դա անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրոպայի առաջնություններում հայ մարմնամարզիկների նվաճած առաջին մեդալն է, ինչն ավելի է արժեւորում այդ հաջողությունը: Հարություն Մերդինյանն առաջին անգամ ընդգրկվեց Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակում: NEWS.am-ի թղթակիցը զրուցեց փորձառու մարմնամարզիկի հետ: Հարություն, ի՞նչ մտածեցիր առաջին հերթին, երբ իմացար, որ ընդգրկվել ես լավագույն տասնյակում: Ուրախացա այն բանի համար, որ իմ երկար տարիների կատարած աշխատանքը զուր չանցավ եւ գնահատվեց մարդկանց կողմից: Իսկ ի՞նչ էիր զգում, երբ առաջին անգամ բարձրացար Եվրոպայի առաջնության պատվո հարթակ: Սկզբում մի տեսակ քարացած վիճակում էի գտնվում, համարյա ոչ մի բան չէի զգում, բայց երբ տեսա իմ պատանի թիմակից, 18-ամյա Արթուր Դավթյանի ուրախության արցունքները, հասկացա, որ լուրջ հաջողության եմ հասել` դառնալով բրոնզե մեդալակիր: Ի՞նչ է հարկավոր Եվրոպայի չեմպիոն դառնալու համար: Ավելի շատ մարզվել եւ էլ ավելի սահուն կատարել վարժությունը: Մարզումների ժամանակ վատ չի ստացվում, բայց ահա գլխավոր մրցումներին ոչ միշտ է հաջողվում կատարյալ անել բոլոր հնարքները: Աշխարհի առաջնությունում քեզ չհաջողվեց մեդալ նվաճել: Մրցակցությո՞ւնն էր ավելի սուր, թե՞ ուրիշ պատճառներ կային: Եվրոպայի առաջնությունից հետո իմ մոտ որոշակի խնդիրներ ծագեցին. օղակի եւ պտտաձողի վրա վարժություններ կատարելիս ցավեր էի զգում մեջքիս հատվածում: Պարզվեց, որ ողնաշարի ճողվածք ունեմ: Հետագայում բուժման կուրսեր անցա, հատուկ վարժությունների օգնությամբ թուլացրի այդ ցավերը, սակայն աշխարհի առաջնության ժամանակ այն զգացվեց եւ չկարողացա լրիվ ուժով հանդես գալ: Այժմ ինչպե՞ս ես քեզ զգում: Կախված վիճակում դեռեւս ցավեր եմ զգում, այդ իսկ պատճառով հիմնականում մարզվում եմ նժույգաթափի վրա, որպեսզի պահպանեմ մարզավիճակս եւ կարողանամ մասնակցել այդ մրցաձեւի մրցումներին: Հարություն, շուտով ԱրթուրԴավթյանը մասնակցելու է 2012թ. Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին: Ինչպե՞ս ես գնահատում նրա հնարավորությունները: Արթուրը, եթե մրցումներում վարժությունները կատարի այնպես, ինչպես դա անում է մարզումների ժամանակ, ապա միանշանակ օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի: Համենայնդեպս, աշխարհի առաջնությունում նրա ցույց տված արդյունքները թույլ են տալիս լավատես լինել: | |
|
Всего комментариев: 0 | |