20:39 Հայաստանի նախագահը մեկնելու է Իտալիա եւ կհանդիպի Հռոմի պապին | |
Դեկտեմբեր 10, 2011 | 17:18
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան: Նախագահի մամուլի գրասենյակիցNEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ: Հռոմում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդես: Հանրապետության ղեկավարը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ Հանրապետության ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Վենետիկի քաղաքապետարան եւս, որտեղ ներկա կգտնվի Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը: Այցի շրջանակներում նախագահը հանդիպում կունենա նաեւ Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: | |
|
Всего комментариев: 0 | |