13:53 Հետաքրքիր մանրամասներ 2 երեխաներին սպանած 34-ամյա Ռոզա Ալոյանի կյանքից, ով չի զղջում իր արարքի համար | |
![]() Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է 2011թ-ի սեպտեմբերի 6-ին սեփական որդիներին՝ 6-ամյա Վարդանին եւ 4-ամյա Հայկին խեղդամահ արած Արարատի բնակչուհի Ռոզա Ալոյանի անմեղսունակությունը եւ նրան հարկադիր բուժման ուղարկել «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի վարիչ Վիոլետա Սարգսյանը, նկատելով, որ ինքն անձամբ ներկա չի եղել դատավարությանը, քանի որ իր ներկայությունը պահանջված չի եղել: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի մանրամասներ պատմեց Ռոզա Ալոյանի կյանքից: Ըստ Վ. Սարգսյանի, Ռոզան ոչ տխուր է, ոչ մտահոգ, ոչ էլ զղջում է կատարածի համար: Նա նույնիսկ իր արդարացումն ունի, թե ինչու է դիմել այդ քայլին: Ռոզան պատմել է, որ այդ քայլին իրեն հորդորել են գնալ սպիտակ մորուքով, սրբերի դեմքով, բարի մարդիկ: Այլապես զգուշացրել, որ դա կանեն ուրիշները՝ կտրտելով երեխաներին: Նույնիսկ հոգեբուժարանում Ռոզան շարունակել է տեսնել այդ տեսիլքները: Երբ Ռոզան ճիչեր է արձակել եւ բարձրաձայն զրուցել ինքն իր հետ, հասկացել են, որ նա տեսիլքների հետ է խոսում, թեեւ վերջին շրջանում տեսիլքներ էլ չի տեսնում: Երկու ամսից ավելի է, ինչ նա հոգեբուժարանում է, սակայն մինչ օրս նրան ոչ մի հարազատ տեսակցելու չի գնացել, թեեւ նա քույրեր եւ ամուսին ունի: Նշվում է, որ Ռոզայի արարքի վրա ազդեցություն են ունեցել նաեւ իր եւ ամուսնու փոխհարաբերությունները: «Դա նրա օրինական ամուսինը չի եղել, կոպիտ է վարվել հետը` ծեծի ենթարկել: 1-2 ամիսը մեկ եկել է երեխաներին տեսակցելու: Ռոզան շատ վատ է ապրել: Էլ չեմ ասում, որ մանկությունը եւս շատ ծանր է եղել, քանի որ նա մանկատան սան է: Ինքը մտածել է, որ երեխաներին ինքը չի կարող պահել մենակ` չի աշխատում, հնարավորություն չունի, իրեն օգնող չկա, հետեւաբար այդ ամենի կուտակումների արդյունքում տեսիլքներ են ի հայտ եկել: Ինքը իրեն էլ է ցանկացել խեղդել, բայց չի արել: Տեսիլքները պակասել են: Հեռուստացույցով, որ երաժշտություն է լինում, նա շատ գեղեցիկ պարում է: Ինքը կիրթ աղջիկ է, բայց նրա հոգեկանը խանգարված է»,- մանրամասնեց Վիոլետա Սարգսյանը: Հատկանշական է այն, որ նա, թեեւ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել, անուշադրության մատնվել, բայց չի գիտակցում այդ ամենը, քանի որ անգամ դատական նիստին գնալիս Ռոզան փորձել է գեղեցկանալ մտածելով, թե այնտեղ կհանդիպի ամուսնուն: Ըստ Վիոլետա Սարգսյանի, Ռոզան այժմ ինքնասպանության մասին չի բարձրաձայնում: «Երբ իր գործին ծանոթացել էի ամբողջ մարմնով փշաքաղվել էի, բայց հիմա նախկինի համեմատ համեմատաբար լավ է»,- նկատեց Վ. Սարգսյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի 34-ամյա բնակչուհի Ռոզա Հակոբի Ալոյանը սեպտեմբերի 6-ին կախելու միջոցով սպանել էր իր երեխաներին` 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյաններին: Նախաքննությամբ պարզվել էր, որ Ռոզա Ալոյանը, սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, ինքը միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վարդան Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել: Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը: Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան: Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեխաների դիակները, ապա ձերբակալել էին Ռոզա Ալոյանին:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը | |
|
Всего комментариев: 0 | |