14:46 Ինչպե՞ս սնվել Ամանորին, որպեսզի չգիրանալ. խորհուրդներ մասնագետից | |
Դեկտեմբեր 22, 2011 | 03:55
Ամանորին, գայթակղվելով բազմատեսակ եւ համեղ սնունդով, հաճախ մենք կորցնում ենք չափի զգացումը, իսկ դրա հետեւանքով շատ արագ կարող է ավելանալ մեր քաշը, որից հետագայում ազատվելը փոքր-ինչ դժվար է: Ինչպե՞ս սնվել Ամանորին, որպեսզի հետո շաբաթներ չվատնել նիհարելու համար:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, դիետոլոգ Գայանե Ղազարյանը նշեց, որ Ամանորի խնդիրները սկսվում են շատ ավելի վաղ: Տարվա վերջում կուտակվում են բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ` ինչպես պատրաստվել ամանորին, ինչ նվերներ, ինչ սննդամթերք, ինչ նոր գեղեցիկ զգեստներ գնել եւ այլն, իսկ աշխատավայրում` տալ հաշվետվություններ, ի մի բերել տարվա արվածը: Եվ այդպիսի ռիթմը մեզանից խլում է մեծ քանակությամբ էներգիա, որը նույնիսկ չի կարելի վերականգնել 8-10 ժամյա քնով: Նրա խոսքով` օրգանիզմը հերթական սթրեսից հանելու համար առաջին հերթին պետք է ճիշտ եւ լավ սնվել, երկու անգամ ավելի օգտագործել վիտամիններ, հանքային նյութեր եւ օգտակար այլ նյութեր, այսինքն` օգտագործել մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն հում վիճակում: Նա ճիշտ սնվելու եւ չգիրանալու վերաբերյալ խորհուրդները բաժանեց երեք խմբի` մինչ Ամանորը, Ամանորի սեղանին եւ Ամանորից հետո: Այսպես, դիետոլոգը խորհուրդ է տալիս ամանորից երկու-երեք շաբաթ առաջ հրաժարվել սպիտակուցային սննդից, կենդանական ճարպերից, եւ նախապատվությունը տալ բուսական սննդին: «Շնորհիվ բջջանյութի` աղիները մաքրվում են, կարգավորվում է նրանց գործունեությունը եւ լավանում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Այդպիսի սննդակարգը կտա նաեւ հանքային նյութերի եւ վիտամինների պաշար»,- նշեց Գայանե Ղազարյանը: Անդրադառնալով Ամանորի սեղանից օգտվելուն` նա նշեց, որ այդ ժամանակ ծանրաբեռնվում է լյարդը եւ աղեստամոքսային ուղին, առաջանում է օրգանիզմի ինտոքսիկացիա, եւ կարող են սրանալ մի շարք քրոնիկ հիվանդություններ (գաստրիտ, խոլեցիստիտ, պանկրեատիտ եւ այլն): Եվ քանի որ ստամոքսը գերբեռնված է լինում, առաջանում են նեխման գործընթացներ, իսկ աղիներում շատանում են ախտածին մանրէները, այստեղից էլ` այրոցը, մետեորիզմը, վքնածությունը, ծանրության զգացումը: Դիետելոգը խորհուրդ է տալիս ուտել եւ խմել ամեն ինչ, սակայն ` քիչ-քիչ: Նա առաջարկում է հյուր գնալիս ամեն տեղ ընտրել եւ ուտել որեւէ մեկ ուտեստ, մի տեղ` աղցան, մյուսում` խմորեղեն, մեկ այլ տեղ` միրգ եւ այլն, որպեսզի մեր օրվա ստացված կալորիաները համապատասխանեն մեր ծախսած էներգիային: Միայն այս դեպքում մենք չենք խախտի առողջ ռացիոնալ սննդի հիմնական օրենքը: «Առաջարկում եմ սահմանափակել տապակած եւ ճարպային սնունդը, փոխարինելով այն տարբեր տեսակի աղցաններով, ձկով եւ բանջարեղենով: Իսկ եթե այնուամենայնիվ ունեք որոշ դիսկոմֆորտ, առաջարկում եմ օգտագործել մինչեւ 30-35 աստիճան տաքացված հանքային ջուր: Դա նորմալացնում է աղեստամոքսային տրակտի թթվահիմնային հավասարակշռությունը»,- ասաց Գայանե Ղազարյանը` հավելելով, որ :ալկոհոլը բավականին բարձր կալորիականություն ունի, դրա ամեն մի գրամը երկու անգամ ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան նույն քանակության սպիտակուցը կամ ածխաջրատները: «Գերադասելի է կարմիր գինին: Իսկ որպեսզի պաշտպանենք մեր ստամոքսը, ալկոհոլ օգտագործելուց առաջ հարկավոր է սնունդ ընդունել: Եվ պետք չէ ալկոհոլի վրայից գազավորված քաղցր ըմպելիք ընդունել, քանի որ այն ուժեղացնում է ալկոհոլի ազդեցությունը»,- նշեց դիետոլոգը: Իսկ նրանց, ովքեր տառապում են ավելորդ քաշից, նա առաջարկում է շատ շարժվել, պարել, մասնակցել տարբեր տեսակի խաղերին, ինչը կբարձրացնի տրամադրությունը եւ ինքնազգացողությունը նույնիսկ հաջորդ օրը: Դիետոլոգը խորհուրդ է տալիս սահմանափակել ծխախոտը, քանի որ այն վատացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը եւ թունավոր է օրգանիզմի համար: Եթե տոների ժամանակ այնուամենայնիվ չարաշահել ենք ուտեստները, ապա բեռնաթափման համար առաջարկվում է օգտագործել թույլ արգանակներ, խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն, ինչպես նաեւ ցածր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքներ` կեֆիր, մածուն, կամ մեկ-երկու օրով կազմակերպել բեռնաթափման օրեր, որպեսզի օրգանիզմը հանգստանա: «Բեռնաթափումը դա սննդից լրիվ հրաժարվելը չէ, այլ պետք է օգտագործել որեւէ մեկ սննդամթերք, օրինակ` միայն մածուն, կամ միայն խնձոր (օրական 1,5 կգ, բաժանած հինգ մասի): Իսկ եթե դիսկոմֆորտը չի անցնում, այսինքն դուք չափից շատ ավելի եք չարաշահել սնունդը, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մեզիմ-ֆորտե կամ ֆեստալ, կամ էլ ակտիվացված ածուխ, եւ իհարկե պետք է խորհրդակցել ձեր բժիշկի հետ»,- նշեց դիետելոգը: | |
|
Всего комментариев: 0 | |