21:57 Նազիկ Ավդալյանն ուզում է ԲՀԿ անդամ դառնալ, քաղաքականություն մտնել, որ «ժողովրդին ուրախացնի» | |
![]() Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Նազիկ Ավդալյանը, հավելելով, որ այժմ սպասում է պատասխանի: Նա չբացառեց իր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եւ ԲՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը: «Ես այն երիտասարդներից եմ, որ չեմ կարող տանը նստել, իմ ամբողջ եռանդը սպորտի մեջ էր, բայց քանի որ այդպես ստացվեց, ես իմ եռանդը, տաղանդը կներդնեմ այլ ոլորտում, իսկ դա այն ոլորտն է, որտեղ կարող եմ ժողովրդի մասին մտածել, ժողովրդին ուրախացնել»,- նշեց նա: Նազիկ Ավդալյանի խոսքով` ԲՀԿ-ի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանը շատ է օգնել իրեն (հովանավորել է, վերջինիս չեմպիոն դառնալու կապակցությամբ բնակարան է նվիրել), այլ նաեւ այն բանով, որ Ծառուկյանն ամբողջ ժողովրդին է օգնում: Ի դեպ, Նազիկ Ավդալյանի ամուսինն այժմ ԲՀԿ-ի համակիր է ու չի բացառվում, որ մի օր էլ ինքը կուսակցական դառնա: Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանն այս տարվա ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին: | |
|
Всего комментариев: 0 | |