08:46 Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը չի կարողանում թաքցնել տխրությունը. Սամվել Գեւորգյան | |
| |
|
Պարոն Գեւորգյան, հիմա բոլորին հետաքրքրում է, թե ի՞նչ տրամադրություն ունի Արսենը:
Անտրամադիր է: Նա իր արծաթով չի ուրախանում, քանի որ իր մրցակցի հետ հավասար ուժերի մեջ էր: Նրանք գորգում հավասար պայքար էին մղում: Նույնիսկ, կարելի է ասել, որ Արսենն ավելի մարտական էր, ակտիվ, մտածված հնարքներով:
Կարծես հաջողությունը մեր կողմից էր, արծաթե մեդալը կա, բայց Արսենի աչքերում արցունքներ էր նկատվում:
Այո, նա չի կարողանում թաքցնել իր տխրությունը: Մենք նույն տրամադրությունն ունենք: Տխուր ենք: Հաղթանակն ունենք, բայց չենք կարողանում լիարժեք վայելել հաղթանակի բերկրանքը: Ոսկի էինք սպասում: Ես չէի պատկերացնում, որ այսպես կավարտվի գոտեմարտը: Բայց, սպորտը մնում է սպորտ:
Պետք է աշխատենք ավելացնել մեր ուժերը, որ մյուս Օլիմպիական խաղերում ոսկին վերցնենք:
Ո՞ր հատվածում Արսենը թուլացրեց ուժերը: Ի՞նչը նրան խանգարեց…
Ոչ մի նման պահ չեղավ: Արսենը ոչ մի պահ չթուլացրեց իր ուժերը: Արսենը շատ ակտիվ էր, Ռոման Վլասովից էլ ակտիվ էր, ուղղակի Ռուսաստանի հետ դժվար է տեխնիկական միավորով առաջ ընկնել: Պետք է անհնար հնարքներ անես, որ այդ տեխնիկական միավորը վաստակես:
Ո՞ւմ խորհրդով Արսենը գլորումը կողքից կատարեց:
Դա իր որոշումն էր, նա տեղում որոշեց: Քանի որ Արսենը եւ Ռոման Վլասովը ծանոթ էին միմյանց հնարքներին, Արսենը մրցակցին շփոթեցնելու համար իր հնարքի դիրքը փոխեց: Բայց, փաստորեն, ռուս ըմբիշը այս պայքարում էլ հաղթանակով դուրս եկավ: Մենք այդ հնարքը քննարկել էինք: Ուզում էինք այնպես անել, որ հեշտ կատարվեր գլորումը:
Ձեր ձայնում հիասթափության երանգներ կան:
Այո… Ոսկի էի սպասում: Չէի մտածում, չէի պատկերացնում, որ ոսկին կկորցնենք: Լեւոն Ջուլֆալակյանն էլ է անտրամադիր: Նա եւս հավատում էր Արսենի հաղթանակին: Բայց, արծաթն էլ է մեդալ: Այնպես որ սառույցը կոտրվեց:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
------
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը գոտեմարտեց ղրղըզ Դանիյար Կոբոնովի հետ։ Առաջին մրցափուլում հաղթեց 1։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում էլ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդին տպավորիչ հաղթանակ տարավ բելառուս Ալեքսանդր Կիկինիուի նկատմաբ 2։0, 1։0 հաշվով։
Կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցն ադրբեջանցի Էմին Ահմադովն էր: Առաջին մրցափուլում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց մեկ արդյունավետ գլորումով՝ 1։0։ Երկրորդ մրցափուլում Արսեն Ջուլֆալակյանը երեք միավորանոց հնարք կատարեց։ Հրեց ադրբեջանցուն մրցագորգից։ Արսենը հաղթանակ տարավ 5։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։
Վճռական գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը մրցեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ։ Առաջին մրցափուլում Ռոման Վլասովը կատարեց մեկ միավորի գլորում։ Երկրորդ մրցափուլում Վլասովը եւս մեկ միավոր վաստակեց եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն, իսկ Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական փոխչեմպիոն:
Всего комментариев: 0 | |