23:49 Ոստիկանությունը պարզել է փուչիկները լիցքավորած եւ մատակարարած անձանց ինքնությունը | |
Մայիս 05, 2012 | 18:55 Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հանրապետության հրապարակի մայիսի 4-ի հանրավաքում տեղի ունեցած պայթյունի դեպքի կապակցությամբ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած եւ մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների եւ ձեռք բերված այլ նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, եւ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ: Միաժամանակ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը եւ այլ վարկածներ: Նախաքննության մարմինը ձեռնարկում է մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավորինս օպերատիվ վերականգնվում են դեպքի բոլոր հանգամանքները եւ հստակեցվում են դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակները: Այս առումով կարեւոր ապացուցողական նշանակություն կունենան նաեւ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական եւ դատանյութագիտական համալիր փորձաքննությունների արդյունքները: Նախաքննության մարմինը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները առավելագույն սեղմ ժամկետում պարզելու դեպքին առնչվող անձանց, նրանց գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ: Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 80 տուժած, որոնցից 25-ը` վերակենդանացման բաժանմունքում: Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը: Նշենք, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ: | |
|
Всего комментариев: 0 | |