23:04 Ռուս փորձագետ. Երկնային մարմինը Հայաստանի երկնքում դժվար թե հրթիռ լիներ | |
Հունիս 10, 2012 Հայաստանի երկնքում նախօրեին հայտնված երկնային մարմինը դժվար թե այս կամ այն տեսակիր հրթիռ լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա կարծիքով, այդ օբյեկտը համարել չբացահայտված թռչող օբյեկտ նույնպես չարժե: «Այդ տարօրինակ երեւույթը տեսել են նաեւ Հարավային Կովկասի այլ երկրներում, ինչպես նաեւ Իսրայելում, Իսպանիայում եւ այլն: Լրիվ հնարավոր է, որ դա ուղղակի տեսլիք է: Միանշանակ պատասխան դեռ չկա»,-ասաց նա: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով: Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ է տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել: Տարօրինակ երեւույթը նկատել են Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում: Հատկանշական է, որ լույս արձակող օբյեկտը նկատվել է Իսրայելում հարյուրավոր մարդկանց կողմից: Ոստիկանություն են ստացվել մի քանի հարյուր հաղորդագրություններ տարօրինակ լուսարձակող օբյեկտի վերաբերյալ: ՉԹՕ-ն տեսել էին երկրի բոլոր շրջանների բնակիչները: Ոստիկանությունը կապվել էր ՑԱԽԱԼ-ի հետ` փորձելով պարզել անհասկանալի երեւույթի պատճառը, սակայն զինվորականները չեն կարողացել դա բացատրել: Այն տեսել են նաեւ Լիբանանում, որի մասին հայտնել էր տեղական «Ալ Նահար» թերթի համացանցային կայքը: Նման հաղորդագրություններ էին ստացվել նաեւ սիրիաթուրքական սահմանից, հայտնում է «IsraelInfo»-ն: Լիբանանյան թերթերը ենթադրել են, որ երկնքով անցել է խոշոր երկնաքար, սակայն իսրայելցի աստղագետները հերքել են այդ վարկածը: Ynet-ն առաջարկում է այլ բացատրություն. ամենայն հավանականությամբ, իսրայելցիները եւ լիբանանցիները տեսել են ռուսական միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը: «ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ «Տոպոլ» հրթիռի մեկնարկն իրականացվել էր մոսկովյան ժամանակով 21:39-ին` Աստրախանի շրջանում: | |
|
Всего комментариев: 0 | |