22:59 Տարվա ամփոփում. հայկական մարմնամարզությունը վերադարձնում է կորցրած դիրքերը | |
Դեկտեմբեր 06, 2011 | 21:20 Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ամփոփելով մրցաշրջան - 2011-ի արդյունքները, գտնում է, որ հայ մարմնամարզիկներն ընդհանուր առմամբ լավ են հանդես եկել այս տարի: «25 տարի շարունակ մենք չէինք կարողանում մեդալ նվաճել միջազգային պաշտոնական մրցումներում: Իսկ այս տարի Հարություն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը նժույգաթափի մրցումներում, ինչը մեծ նվաճում է»,-News.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հակոբ Սերոբյանը: Ըստ գլխավոր մարզչի, վատ արդյունք ցույց չի տվել նաեւ Արթուր Դավթյանը, որը եվրոպական առաջնությունում գրավեց 20-րդ տեղը բազմամարտում. «Նա 19 տարեկան է եւ նոր է ընդգրկվել մեծահասակների հավաքականում: Եվրոպայի առաջնությունում Արթուրը բազմամարտի որակավորման փուլում գրավեց 24-րդ տեղը եւ մտավ եզրափակիչ, որտեղ նա 1,5 բալ ավելի վաստակեց եւ չորս տեղով բարելավեց իր մրցաշարային դիրքը: Երիտասարդ մարմնամարզիկի համար, դա, անշուշտ, լավ արդյունք է»: Հակոբ Սերոբյանը գոհ է նաեւ մեր երիտասարդ մարմնամարզիկների ելույթներից, որոնցից Վահան Վարդանայնը հաղթող ճանաչվեց Պենզայում կայացած ԱՊՀ երկրների բաց առաջնության բազմամարտում, իսկ Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղը զբաղեցրեց հենացատկի մրցումներում: Հավաքականի գլխավոր մարզիչը, այնուամենայնիվ, գտնում է, որ աշխարհի առաջնությունում մեր մարմնամարզիկներն իրենց հնարավորությունից ցածր հանդես եկան: «Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը բազմամարտի մրցումներում իրենց հնարավորություններից 3-4 բալ քիչ վաստակեցին եւ չարդարացրին մեր սպասելիքները: Վահագն Դավթյանը օղակների վրա արեց այնքան, ինչքան կարող էր եւ գրավեց 23-րդ տեղը»,- նշեց Հակոբ Սերոբյանը: | |
|
Всего комментариев: 0 | |