16:20 Յուրի Պատրիկեեւ. Ամեն ինչ անելու եմ Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ պարգեւելու համար | |
![]() Օլիպիական խաղերի նախաշեմին նվաճել օլիմպիական ուղեգիր` հաղթանակի հասնելով օլիմպիական չեմպիոնի նկատմամբ ոչ բոլորին է հաջողվում: Յուրի Պատրիկեեւը դա արեց Սոֆիայում: Հունահռոմեական ոճի գերծանր քաշային ըմբիշը կատարեց առաջին քայլը դեպի Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեդալը: Իսկ, թե ինչ մեդալ կնվաճի Լոնդոնում Հայաստանը ներկայացնող այս փորձառու ըմբիշը, ցույց կտա ժամանակը: Պատրիկեեւն ու նրա անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը հասան իրենց նպատակին ոչ հեշտ պայքարում: Սոֆիայի մրցաշարից ստացած տպավորությունների մասին նրանք պատմել են NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում: Յուրա, վիճակահանությունից հետո պարզ դարձավ, որ քո ճանապարհը խաչվելու է Ռուսաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոն Հասան Բարոեւի հետ: Սովորական բան է ըմբշամարտի մրցումներում: Հիմա ոչ մի հաղթանակ էլ հեշտությամբ չի տրվում: Իհարկե, հաղթանակը առավել նշանակալից է դառնում, երբ հաղթում ես նման հզոր մրցակցի: Դու Բարոեւի նկատմամբ տարար երկրորդ հաղթանակը: Առաջինը 2008 թվականին Տամպերեում էր: Գտե՞լ ես նրան հաղթելու տարբերակը: Բարոեւին հաղթելու տարբերակը նրա հետ պայքարելն է, այլ տարբերակ չկա: Այս գոտեմարտում էլ երրորդ մրցափուլ պահանջվեց: Սակայն ես չեմ ուզում տարբերել մյուս հաղթանակները: Կարեւորն այն է, որ ուղեգիր նվաճեցի: Իսկ հաջորդ քայլը արդեն օլիմպիական մրցաշարն է: Ամեն ինչ անելու եմ Հայաստանի օլիմպիական հավաքականին ոսկե մեդալ պարգեւելու համար: Տեսնենք, թե ինչքանով դա կստացվի: Դու արդեն վաղուց ես ներկայացնում Հայաստանը ու այդ առումով հարմարվելու խնդիր չունես: Հարմարվելու խնդիր չեմ ունեցել հենց սկզբից: Ինձ այստեղ հարազատի պես են ընդունել, ու դա շարունակվում է: Երբեք խնդիրներ չեմ ունեցել: Իսկ մարզիչ Սամվել Գեւորգյանը համարյա միշտ իմ կողքին է: Պարոն Գեւորգյան, դուք հավատո՞ւմ էիք, որ Յուրան ուղեգիր կնվաճի հենց Սոֆիայում: Ես միշտ էլ հավատացել ու վստահել եմ Յուրային: Նա հիմա շատ լավ մարզավիճակում է ու Սոֆիայում ապացուցեց, որ բարձրակարգ մարզիկ է: Ճիշտ է, լարվածություն կար, բայց դե ո՞ր մրցաշարում լարվածություն չի լինում: Իսկ Բարոեւի հետ գոտեմարտի մասին ի՞նչ կասեք: Դժվար գոտեմարտ էր, ընդ որում երկուսի համար էլ: Բայց Յուրան հերթական անգամ ցույց տվեց, որ վճռական պահերին ավելի սառնասիրտ է գործում եւ ցանկությունը իրականություն դարձրեց: Հավաքականի կազմում Պատրիկեեւը մեր գլխավոր հույսերից մեկն է եղել ու իր գոտեմարտերով նա, հուսով եմ, դեռ կուրախացնի մարզասերներին: Զրուցեց Խաչիկ Չախոյանը | |
|
Всего комментариев: 0 | |