22:02 Բանակում սպանված զինվորը ընտանիքի միակ տղան էր | |
Հունվար 31, 2012 | 04:00
2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանն ընտանիքի միակ որդին է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի գյուղապետ Կարեն Դոլմազյանը, հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով եւս սպանության պատճառը եղել է այն, որ նույն զորամասի զինծառայող Խաչատուր Սարգսյանը դիրքերում ատամի մածուկ է լցրել քնած Շահնազարյանի դեմքին: Փայլակն արթնացել եւ հայհոյել է Սարգսյանին: Վերջինս էլ կրակել է Փայլակ Շահնազարյանի վրա եւ սպանել: Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին, Հայաստանի ԶՈՒ հիմնադրման 20-ամյակի նախորդ օրը, սակայն ՊՆ-ի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի դեպքը մեծ հնչեղություն չստանա: Հիշեցենք, որ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Իսկ սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Փայլակ Շահնազարյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին, հետեւաբար նրա ծնողները ի վիճակի չէին անդրադառնալ կատարվածի մանրամասներին: Ակնաղբյուր համայնքի գյուղապետ Կարեն Դոլմազյանը նշեց, որ Փայլակ Շահնազարյանը 8 ամիս առաջ ավարտել է դպրոցն ու մեկնել է ծառայության: Ընտանիքում ընդամենը մի քույր է ունեցել: Նրանց ընտանիքը, ինչպես եւ Փայլակը աչքի են ընկել իրենց ազնվությամբ եւ համեստությամբ: «Ինչ վերաբերում է սոցիալական կարգավիճակին, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող սովորական ընտանիք են»,-բնութագրեց գյուղապետը: Կարեն Դոլմազյանի խոսքով, թեեւ այստեղից այնտեղ հնարավոր չէ տեղեկություն իմանալ, բայց համոզված է, որ Փայլակ Շահնազարյանն իր էությամբ կռվի գնացող երեխա չէր, քանի որ ինչպես ընտանիքի անդամները, նա համեստ անձանավորություն է: «Սիրված էր բոլորի կողմից առաջին հերթին իր համեստությամբ եւ ազնվությամբ: Կատարվածը մեծ հարված էր, թե նրա ընտանիքի անդամների, թե բոլորի համար»,- ընդգծեց գյուղապետը: | |
|
Всего комментариев: 0 | |