21:27 Լեւոն Ջուլֆալակյան. Օլիմպիական ուղեգրեր նվաճելու հույս կա | |
Հունվար 26, 2012 | 16:04 Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, որոնք տեղի կունենան այս տարվա ապրիլ եւ մայիս ամիսներին։ Այս օրերին մեր հունահռոմեական ըմբիշները գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ տարվա առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ջուլֆալակյանը նշեց, որ հավաքին մասնակցում են 48 ըմբիշներ. «Հավաքականի հիմնական կազմի հետ մարզումներին մասնակցում են նաեւ մեր առաջատար երիտասարդ ըմբիշները: Բոլորն էլ նորմալ վիճակում են գտնվում, վնասվածք ունեցող չկա: Պարապմունքների ժամանակ ուշադրություն ենք դարձնում եւ տեխնիկական, եւ արագաուժային, եւ մասնագիտական պատրաստվածությանը»: Լեւոն Ջուլֆալակյանը պարզաբանեց, որ հավաքականն այժմ անմիջականորեն պատրաստվում է փետրվարի 2-7-ը Բուլղարիայում անցկացվելիք միջազգային մրցաշարին. «Այդ մրցումներին կմասնակցեն 11 ըմբիշմեր: Բուլղարիայից վերադառնալուց հետո մենք կարճատեւ հավաք կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Փետրվարի 22-ին կմեկնենք Իրան, որտեղ կմասնակցենք հաջորդ միջազգային մրցաշարին: Դրանով կավարտենք մարտի 8-ին Սերբիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը»: Սակայն մեր ըմբիշների համար լուրջ փորձությունները սկսվելու են ապրիլ-մայիս ամիսներին, երբ մեկը մյուսի ետեւից հաջորդելու են օլիմպիական վարկանիշային երեք մրցաշարերը։ Լեւոն Ջուլֆալակյանը դեռեւս չի կողմնորոշվել, թե մեր ըմբիշներից ովքեր են մասնակցելու այդ մրցումներին. «Եվրոպայի առաջնությունից հետո կանցկացնենք եւս մեկ հավաք: Հենց դրանից հետո պարզ կդառնա, թե ովքեր կպայքարեն օլիմպիական խաղերի ուղեգրերի համար»: Լեւոն Ջուլֆալակյանը չցանկացավ խոսել առաջիկա ակնկալիքների մասին, բայց միաժամանակ հավաստիացրեց, որ ուղեգրեր նվաճելու հույսեր կան: Հիշեցնենք, որ մեր հունահռոմեական ոճի ըմբիշներից Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունի միայն անցյալ տարվա աշխարհի առաջնությունում 3-րդ տեղ գրաված Արսեն Ջուլֆալակյանը։ Պատրաստեց Գարիկ Հովսեփյանը | |
|
Всего комментариев: 0 | |